ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:
Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։
«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։
Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։
Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած: Այս պահին հաստատությունում կա գիշերող 21 երեխա:
Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է