Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղելու Հայաստան

Ժամանած խումբը, որի կազմում կլինեն բժիշկներ, բուժքույրեր և արտակարգ իրավիճակների փորձագետներ, միանալու է COVID-19-ի դեմ պայքարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) մոտ օրերս բուժաշխատողների մի խումբ կգործուղի Հայաստան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«Խումբը բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից։ Նրանք կմիանան COVID-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին», – նշված է հաղորագրության մեջ:

Հիշեցնենք` հակահամաճարակային արձագանքմանը աջակցելու նպատակով հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ փորձագետների խումբ է ժամանել Հայաստան: Ավելի վաղ բժիշկների խմբեր էին եկել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Իտալիայից, Լեհաստանից և այլ երկրներից։

Նշենք, որ հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, վարակվածներից 18709-ն առողջացել են, 546-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում: