ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Համակենտրոնացումը կայանալու է «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը ձեռք բերելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։
Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:
Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։
«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է
Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:
Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:
Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։
Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան