ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երեկ` հուլիսի 9–ին, ուշ երեկոյան, դանակահարությամբ ավարտված վիճաբանություն է եղել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 22:40-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ:
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը երեկոյան, ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ գարեջուր են լցրել շենքի բնակիչներից մեկի շան վրա: Շատ տերերը վիճաբանել են երիտասարդների հետ, որին միջամտել են նաև շենքի այլ բնակիչներ:
Վիճաբանության ժամանակ երիտասարդներն իրենց մոտ եղած գարեջրի ապակյա տարայով հարվածել են վիճաբանության մասնակից կնոջ գլխին, ծեծի ենթարկել նրա ամուսնուն, ձեռքերով, ոտքերով և շշերով հարվածներ հասցրել շենքի բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել շենքերի բակում կայանված ավտոմեքենան:
Վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է վերոհիշյալ շենքի 44-ամյա բնակչի կրծքավանդակի ձախակողմյան հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, գարեջրի ջարդված շշերի բեկորներ, վնասված ավտոմեքենա, առգրավվել են կռփազենք ու դանակ: Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատատեխնիկական փորձաքննություններ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Նոր Նորքում դպրոցականի են դանակահարել. տղան հիվանդանոցում է
Իսկ հուլիսի 10-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մասնակիցներից մեկը՝ Արագածոտնի մարզի 23-ամյա բնակիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երիտասարդը 3 անձի է դանակահարել