ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Բժիշկները կորոնավիրուսի «ռիսկի սանդակ» են մշակել, որը ցույց է տալիս, թե որքանով են վտանգավոր մարդկանց առօրյա գործողությունները՝ կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից։
Metro պարբերականը գրում է՝ ամերիկացի գիտնականները ցուցակ են կազմել, որում մարդկանց ամենօրյա գործողությունները COVID-19-ով վարակման սպառնալիքի տեսանկյունից գնահատվում են 10 բալանոց համակարգով։
Ըստ այդմ՝ նվազ ռիսկեր են պարունակում ուտելիք պատվիրելը, մեքենայի լիցքավորումը, թենիս խաղալը և արշավները։ Փոքր-ինչ ավելի վտանգավոր է համարվում սուպերմարկետ գնալը, գոլֆ խաղալը, հյուրանոցում բնակվելը, բժշկի և ռեստորան այցելելը։ Ցուցակում հաջորդիվ ծովափնյա հանգիստն է, ընկերների հետ ընթրիքը, ազգականներին այցելելը և գրասենյակում աշխատելը։
Իսկ ահա վարսահարդարին այցելելը, հարսանիքի կամ թաղման մասնակցելը և ընկերների հետ գրկախառնությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ։
Տեխաս նահանգի գիտնականները ամենավտանգավորը համարում են կինոթատրոն և մարզադահլիճ այցելելը, բազմամարդ երեկույթները և փաբերում ու բարերում ժամանակ անցկացնելը։
Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը
Միջազգային վիճակագրական տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 12,2 միլիոնը, մահացել են ավելի քան 553 հազարը։