ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի

Մասնագետը Հայաստանի իշխանությանը խորհրդակցություն կտրամադրի իրավապահ ոլորտում բարեփոխումների մշակման և իրագործման հարցերի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik.  ԱՄՆ–ն մտադիր է Հայաստանի կառավարությանն աջակցել կոռուպցիայի դեմ պայքարում` այդ նպատակով հատուկ խորհրդական վարձելով։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով ամերիկյան գերատեսչության պայմանագրին, որը հայտնվել է խմբագրության տնօրինության ձեռքում։

Խորհրդակցություն կառավարությունում. Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր են քննարկվել

Փաստաթղթի համաձայն` մասնագետը սերտ համագործակցությամբ կաշխատի ՀՀ արդարադատության նախարարության  և իրավապահ այլ մարմինների հետ` շեշտը դնելով բարեփոխումների խթանման վրա։  Մասնավորապես, խորհրդականը կմասնակցի նոր հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և դրանց արդյունավետության բարձրացման (այդ թվում՝ կազմավորման գործընթացում գտնվող Հայաստանի հակակոռուպցիան կոմիտեի) աշխատանքներին։

«Այդ հաստատությունները կհետաքննեն կոռուպցիայի դեպքերն ու կոռուպցիոներներին պատասխանատվության կենթարկեն»,- նշված է փաստաթղթում։

Բացի այդ, մասնագետը խորհրդակցություն կտրամադրի իրավապահ ոլորտում բարեփոխումների մշակման և իրագործման հարցերի վերաբերյալ։

«Որտե՞ղ է գողացվածը». Հայաստանում հատուկ դատախազներ և դատավորներ կնախապատրաստեն

Այդ աշխատանքի շրջանակում խորհրդականը պետք է կազմակերպի նախապատրաստական աշխատանքները, ուսուցումը, ինչպես նաև  Արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիան կոմիտեին  (երբ այն ստեղծված կլինի) և քրեական արդարադատության համապատասխան մյուս  ինստիտուտներին այլ տեխնիկական աջակցություն տրամադրի։

«Միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի կոռուպցիային ամենաբարձր մակարդակով»,– հայտնում են ԱՄՆ Պետդեպից։

Սողոմոնյան. «Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է»

Մասնագետը պետք է զբաղվի ուսումնական ուղևորությունների, քննիչների համար թրեյնինգների  և Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող նախագծերի կառավարման հարցերով։

Ինչպես նշում են գերատեսչությունում, այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել` Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունն առաջ մղելու համար մինչև 10 մլն դոլար ծախսելու ԱՄՆ ծրագրերի մասին։  Նախագիծը ենթադրում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնց պարագայում կկրճատվեն կոռուպցիայի հնարավորությունները։

Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին