Դավիթ Գյուրջյանը վստահեցնում է, որ ՄԻԵԴ-ի որոշման տակ քողարկված իրողություններ փնտրելու կարիք չկա։
ՄԻԵԴ–ը երեկ որոշել է մերժել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 նախկին դատավորների դիմումի այն պահանջը, ըստ որի` պետք է սառեցվեր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործումը։
Գյուրջյանի դիտարկմամբ՝ որոշումը շատ լայն մեկնաբանությունների տեղ չի տալիս, ամեն ինչ պարզ է, որովհետև դիմումատուները ՄԻԵԴ-ից խնդրել էին կիրառել 39-րդ կանոնը, մինչդեռ այդ դիմումի ճակատագիրն, ըստ փաստաբանի, ի սկզբանե վճռված էր:
«ՄԻԵԴ-ը 39-րդ կանոնն առհասարակ կիրառում է շատ բացառիկ դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այնպիսի իրավունքների խախտմանը, որը կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել, օրինակ՝ մահվան ելք, առողջության վնաս, ազատազրկման հետ կապված բացառիկ հարցեր: Նման դեպքերում է, որ ընդունելի է 39-րդ կանոնի կիրառումը, այսինքն՝ դա առնչվում է հրատապ միջանկյալ միջոցներին»,- նշեց փաստաբանը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն պատասխանել է Հրայր Թովմասյանի նամակին
Գյուրջյանի խոսքով՝ մեր ՍԴ-ի պարագայում չկար նման իրավիճակ, հետևաբար ՄԻԵԴ-ը շատ պարզ արձանագրում է արել, ըստ որի՝ չկա կոնվենցիայով պաշտպանվող առանցքային իրավունքի այնպիսի խախտում, որը կառաջացնի անդառնալի հետևանքներ դիմումատուների համար, ուստի մերժել է վերոհիշյալ կանոնի կիրառումը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթ, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։
Փոփոխության համաձայն` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ է արվել, բայց նա շարունակում է աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել: