Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել

Լաստանավը թույլ կտա տեղափոխել վտանգավոր, ծանր բեռները, ինչի արդյունքում կընդլայնվի հայկական բիզնեսի հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ գործարարները Հայաստանից Ռուսաստան գործող միակ երթուղու` Վերին Լարսի այլընտրանք կունենան։ Ռուսական «Կինոտեխ» բաժնետիրական ընկերությունը, համագործակցելով Հայաստանի տրանսպորտային առաքողների միության հետ, պատրաստվում է 2020 թվականի օգոստոսին լաստանավ գործարկել Կովկաս–Փոթի երթուղով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը։

2018 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ նույն թվականի դեկտեմբերի 1-ից կասեցվելու է Կովկաս–Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային գործունեությունը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն հայտնեց, որ որոշումը պայմանավորված է այդ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ։

Ներկայիս լաստանավը նախատեսված է 40 վագոնի համար։

«Լաստանավից կարող են օգտվել բոլորը, այդ թվում` նաև վրաստանցի գործարարները։ Ապրանքներ կան, որոնց տեղափոխումը ԱՊՀ երկրներ ավելի շահավետ է ոչ թե Ադրբեջանի տարածքով, այլ լաստանավով», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` արդեն որոշակի պայմանավորվածություններ կան վրաստանցի գործընկերների հետ։ Որպեսզի լաստանավային երթուղին գործի, պետք է երկու ուղղություններով էլ բեռնված լինի։ Հայաստանն ինքնուրույն չի կարող երկու ուղղությամբ բեռնվածություն ապահովել, քանի որ ավելի շատ ներկրում է, քան արտահանում։ Այդ պատճառով ապրանքների հավասարակշռությունը կարող է ապահովել վրացական բիզնեսը։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

«Լաստանավը չի կարող Փոթիի նավահանգստից դատարկ մեկնել Կովկաս նավահանգիստ։ Նման բան արդեն եղել է, և մենք տեսել ենք հետևանքները։ Այն պետք է աշխատի երկու ուղղությամբ, որպեսզի շահույթ ապահովի։ Վրաստանի գործընկերները պատրաստ են միանալ», – պարզաբանեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով` իրենց միությունը միշտ շահագրգռված է եղել, որ լաստանավային երթուղին աշխատի. հանքարդյունաբերական, էներգետիկ և շինարարական ոլորտներին հետաքրքրող վտանգավոր, մեծ և ծանր բեռների մատակարարումը անհնար է ավտոմոբիլային ճանապարհով, այդ պատճառով լաստանավն այդ դեպքում անփոխարինելի է։

Նա հույս ունի, որ լաստանավի գործարկումը նոր խթան կհանդիսանա տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։

«Լարսի թողունակությունը սահմանափակ է և չի կարող ապահովել բեռների այն հոսքը, որը զարգանալու հեռանկարներ ունի», – ասաց Հովհաննիսյանը։

Գործարկվող լաստանավը միանշանակ կընդլայնի հայկական բիզնեսի հնարավորությունները։ Սակայն Հովհաննիսյանը կարծում է, որ անկախ ամեն ինչից լաստանավը պետք է պետական լինի։ Դա թույլ կտա երթուղին հուսալի «կամուրջ» հանդիսանա Հայաստանի և ԵՍՏՄ երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացման և ամրապնդման համար։

Նշենք, որ 2018 թվականին Հայաստանի իշխանությունը ծրագրում էր լաստանավ գնել։ Այն ժամանակ առավել հավանական էր համարվում 1976 թվականի լաստանավը, որի արժեքը 1.8-2.2 միլիոն դոլար է։ Սակայն լաստանավը խափանումներով էր աշխատում և հաճախակի վերանորոգման կարիք ուներ։ Նոր լաստանավը Հայաստանի համար կլորիկ գումար կարժենար` 10-12 միլիոն դոլար։