ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. «Երգչախումբ» հեռուստասերիալի երեսուներեքամյա աստղ Նայա Ռիվերան անհետ կորել է։ Ենթադրություններ կան, որ նա խեղդվել է լճում։
Դերասանուհին չորս տարեկան որդու՝ Ջոզիի հետ դուրս է եկել զբոսնելու Կալիֆոռնիա նահանգի Լոս Պադրես Ազգային անտառի Պիրու լճում։ Մի քանի ժամ անց տղային միայնակ են հայտնաբերել նավակում, մորը գտնել չի հաջողվում։ Դերասանուհու մեքենան հայտնաբերվել է կայանատեղում։
Վենտուրա օկրուգի շերիֆը կարծում է, որ նա լճում լողալիս խեղդվել է։ Ռիվերայի որոնումները շարունակվում եմ։ Վարկածներից մեկի համաձայն՝ երեխան իրավապահ մարմիններին ասել է, որ Նայան որոշել է լողալ լճում, հետո նա մորը չի տեսել։
Երկրպագուները սոցցանցերում ողբում են դերասանուհու կորուստը։ Նրանք Ջոզիի հետ լուսանկարներ են հրապարակում ու ցավում նրա համար։ Ոմանք էլ հույս ունեն, որ Նայան ողջ-առողջ կհայտնաբերվի։
Նշենք՝ Ռիվերան հայտնի է դարձել «Երգչախումբ» հեռուստասերիալից, որտեղ նա կատարել է Սանտանա Լոպեսի դերը։ Ի սկզբանե նրա դերը գլխավոր չէր, սակայն ժամանակի ընթացքում դարձել է առանցքային դերերից մեկը։ Ռիվերան և նախկին ամուսին Ռայան Դորսին որդի ունեն։ Դերասանուհին երկու տարի առաջ ամուսնալուծվել է։