Բերդում երիտասարդը խախտել է ինքնամեկուսացան կանոնները, հայհոյել ու հարվածել ոստիկաններին

Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է բերման ենթարկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ու ինչ քրեկան գործ է հարուցվել նրա նկատմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Երեկ՝ հուլիսի 8-ին, ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ավտոտնակի դիմաց իրենց է մոտեցել նույն քաղաքի 28-ամյա բնակիչը: Նա սկսել է հայհոյել ոստիկաններին այն բանի համար, որ դեռևս ապրիլի 7-ին ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նրանք իրեն վարչական պատասխանատվության են ենթարկել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 39 000 արձանագրություն

Քաղաքացին իր արարքի վերաբերյալ բացատրություն տալու համար դարձյալ բերման է ենթարկվել ոստիկանության Տավուշի բաժին, որտեղ ավագ տեսուչի աշխատասենյակում դարձյալ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, միաժամանակ բռունցքներով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի կրծքավանդակին, պատռել վերջինի ուսադիրն ու վերնաշապիկի կոճակները և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանության ծառայողները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: