Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները

Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը` Fly Armenia Airways–ը, ներկայանում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո հայաստանյան շուկա է մուտք գործել նոր ավիաընկերություն` Fly Armenia Airways-ը։

«Մեր ընկերության ղեկավար կազմը բաղկացած է հայ ավիացիոն փորձագետներից և Lufthansa ավիաընկերությունում աշխատած փորձառու մասնագետներից: Մեր ավիաընկերությունը մատուցում է լիարժեք ծառայություններ և հիմնվում է հայկական հայտնի հյուրընկալությունը ուղևորներին մատուցելու սկզբունքների վրա»,–նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Սպասարկումը ներառում է անվճար սնունդ, անվճար ուղեբեռ և մինչև երկու տարեկան երեխաների անվճար փոխադրումներ:

Ազգային ավիափոխադրողի հարցն ու ԵՄ–ի հետ պայմանագիրը. ի՞նչն է խանգարում մեր քաղավիացիային

Ընկերությունը թռիչքներ կկատարի Boeing 737 ինքնաթիռներով, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք) կավելանա՝ հաշվի առնելով դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ իրականացվելիք չվերթերը:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա Fly Armenia Airways-ը կշահագործի Airbus A 300F և Boeing B-747F բեռնատար օդանավերը, իսկ Երևանի օդանավակայանը կծառայի որպես տարանցիկ կենտրոն:

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. ընկերությունն արդեն գրանցման հայտ է ներկայացրել

Նշվում է նաև, որ Fly Armenia Airways-ն ներկայանում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցելու ինչպես հայրենիքում, այնպես էլ սահմաններից դուրս բնակվող և աշխատող հայերին:

«Պետությունը պետք է ազգային ավիափոխադրողի համար ստեղծի կայացման պայմաններ». Ճաղարյան