ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանն ու Նարեկ Զեյնալյանը առաջարկվում են օրենսդրական փոփոխությամբ լուծել մայթեզրերին կայանված, վաճառքի նպատակով Հայաստան ներկրված ավտոմեքենաների հարցն ու քաղաքի երթևեկությունն ազատել խցանումներից:
«Հայաստանում, մասնավորապես Երևանում խնդիր ունենք, որ տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը կազմակերպվում է մայթեզրերի վրա: Կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Բաղդասարյանը:
Պատգամավորներն առաջարկում ենք այդ «շուկաները» տեղափոխել մեկ այլ վայր, մասնավորապես՝ Երևանից դուրս:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այդ հարցի շուրջ արդեն քննարկումներ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, և քաղաքային իշխանությունը ավտոշուկայի համար հարմար վայր է փնտրում քաղաքի վարչական սահմաններից դուրս:
Ի դեպ, նախագծի հեղինակների տեղեկություններով` այսօր Հայաստանում շուրջ 40 000 վաճառքի ենթակա ավտոմեքենա կա: Բաղդասարյանի խոսքով` դրանք Հայաստան են ներկրվել անցյալ տարի՝ Ղազախստան արտահանվելու նպատակով, բայց քանի որ այդ ուղղությունը հետագայում արգելվեց, դրանք մնացին Հայաստանում ու կայանվեցին մայթեզրերին:
Նշենք, որ պատգամավորներն առաջարկում են լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրենքի ընդունման պարագայում մայթեզրը «շուկայի» վերածող վարորդներին 50 000 դրամ տուգանք է սպառնում: