Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Փաստաթղթի վավերացմանը դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը: Կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում», «Հունական լուծում» և «Մերա 25 » կուսակցությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տեղեկությունը հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:

Համաձայնագիրը խորհրդարան էր մտել հունիսի 24-ին:

Հուլիսի 1-ին Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս (Նասոս) Եվֆիմիու Աթանասիոսը:

Ֆրանսիայի նախագահը ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Համաձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում» (Կինիմա Ալաղիս), «Հունական լուծում» (Էլլինիկի Լիսի) և «Մերա 25 » կուսակցությունները:

Դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն արդեն վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայաստան- ԵՄ համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենք