Դեղատների կանաչ խաչերն այլևս չեն շփոթեցնի վարորդներին. դրանցով կզբաղվի տեսչական մարմինը

Դեղատների տարբերանշանները հաստատված են կառավարության որոշմամբ, բայց չկա դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող որևէ պետական մարմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Խաչմերուկներում դեղատների կանաչ թարթող տարբերանշանները երբեմն վթարների կամ վթարային իրավիճակների պատճառ են դառնում: Իրավիճակը շտկելու համար ԱԺ «Իմ քայլը» խմբկացության պատգամավորներն առաջարկում են խստացնել գործող կարգը:

Խորհուրդ վարորդներին. ի՞նչ անել, եթե մեքենայի լուսարձակները քրտնում են

«Դեղատների վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ գույների հետ: Տրանսպորտային միջոցները նկատելով այդ կանաչ գույնը, մուտք են գործում խաչմերուկ` կարծելով, որ լուսացույցի գույնն է: Կառավարության որոշմամբ սահմանված է, թե ինչպիսին պետք է լինեն այդ խաչերը, որպեսզի նման շփոթ չառաջացնեն: Այս օրինագծով առաջարկում ենք սահմանել վերահսկողություն իրականացնող մարմին, որը կհետևի դեղատների կողմից կառավարության որոշման կատարմանը»,- ասաց օրենքի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` դեղատների տարբերանշանները հաստատված են կառավարության որոշմամբ, բայց չկա դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող որևէ պետական մարմին: Արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը: Օրենքի հեղինակներն առաջարկում են վերահսկողությունը պատվիրակել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան օրենքում նաև այս գործառույթը ներառելով: Բացի այդ կարգը խախտողների համար, օրենքի ընդունման դեպքում, կգործեն նաև պատժամիջոցներ:

Հնարամիտ վարորդը Երևանում երթևեկել է դիվանագիտական կեղծ համարանիշներով. տեսանյութ

«Եթե դեղատունը կահավորումն առաջին անգամ չի համապատասխանեցնում կառավարության որոշման սահմանված չափանիշներին, կատարվում է նախազգուշացում, եթե 30 օրվա ընթացքում համապատասխանեցում չի կատարվում, տեսչությունը տուգանում է, տալիս ևս 30 օր, եթե ևս 30 օրվա ընթացքում ուղղումները չեն կատարվում, տեսչությունը հնարավորություն է ունենում դիմել համապատասխան լիցենզավորման մարմին, որպեսզի կասեցվի դեղատան գործունեությունը, եթե դրանից հետո էլ չի կատարվում, դադարեցվում է դեղատան լիցենզավորումը»,- նշեց պատգամավորը:

Առողջապահության նախարարությունն օրենքի այս կարգավորման առաջարկին դրական եզրակացություն է տվել: