Հարցրեք ոլորտի պատասխանատուներին և նրանք միանգամայն շահեկան պատկեր կներկայացնեն` նշելով բազմապիսի անհերքելի նվաճումներ։ Շատ լավ, կասեմ ես ու կտամ մի հասարակ հարց՝ դե էդ դեպքում ասեք, թե մեր հայաստանյան բուհերը ինչպիսի դիրք ունեն աշխարհի լավագույն համալսարանների շարքում:
Տեսեք` վերջին տարիներին Հայաստանում արդեն կիրառվում է բուհերի այսպես կոչված ազգային վարկանիշավորում, այսինքն որոշվում է, թե մեր լավագույն բուհերը որոնք են: Սովորաբար ամենալավը Երևանի պետական համալսարանն է: Լավ, իսկ ինչ դիրք է զբաղեցնում մեր մայր բուհը աշխարհում: Գիտեք, իհարկե, ամեն տարի տարբեր կազմակերպություններ հրապարակում են աշխարհի լավագույն համալսարանների ցուցակները: Դրանցից մեկը «Վեբոմետրիքս» համակարգն է, որի ցուցակում մեր առաջատար բուհը՝ Երևանի պետական համալսարանը, մի քանի տարի առաջ զբաղեցնում էր, կներեք, նույնիսկ անհարմար է ասել՝ 2628-րդ տեղը: Երևանի բժշկական համալսարանը ընդհանրապես աշխարհի 10 հազար լավագույն բուհերի մեջ չէր մտնում:
Կարող եք իրավացիորեն ասել՝ դե, իհարկե, աշխարհում կան բազմաթիվ հայտնի կրթական հաստատություններ, մենք հո չենք կարող մրցակցել առաջատարների հետ: Միանգամայն հասկանալի է, որ երևանյան մեր համալսարանը Հարվարդի ու Օքսֆորդի հետ չի կարող համեմատվել: Բայց գոնե մեր տարածաշրջանում, քիչ թե շատ մեզ նման երկրների հետ կարո՞ղ ենք մրցակցել: Մեծ Բրիտանիայում կա այսպիսի ընկերություն, կարճ կոչվում է «Քյուէս», որը բացի բուհերի համաշխարհային ցուցակներից վերջերս կազմում է նաև տարածաշրջանային ցուցակներ: Մի քանի տարի առաջ ընկերությունը հրապարակել է «Զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» 150 լավագույն բուհերի ցանկը: Եթե անհասկանալի է, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը, կարող եմ պարզապես թվարկել՝ ԱՊՀ, Բալթյան երկրներ, Կովկաս, Թուրքիա և Արևելյան Եվրոպա: Այսինքն՝ բոլոր այն երկրները, որտեղ նախկինում իշխում էր սոցիալիզմը, պլյուս Թուրքիա:
Ուսումնասիրեք այդ պետությունների 150 լավագույն համալսարանների ցուցակը՝ հայաստանյան որևէ բուհ չեք գտնի: Մեր մայր բուհն էլ չկա: Այնինչ, Ղազախստանի ազգային համալսարանն, օրինակ, 21-րդ տեղում է, Բելառուսի պետական համալսարանը՝ 36-րդն է, էլ չեմ ասում, որ Մոսկվայի պետական համալսարանը պարզապես գլխավորում է ցուցակը: Նույնիսկ Ղրղզստանում գործող մի համալսարան կա: Այսինքն` Եվրասիական միության բոլոր անդամները 150 լավագույն բուհերի ցուցակում ներկայացված են, միայն Հայաստանը չկա: Ի դեպ, այդ ցուցակում կա ադրբեջանական միանգամից մի քանի համալսարան: Համաձայնեք՝ բավական մտահոգիչ է: Սպառազինության մրցավազքը մի կողմ դնենք, բայց կրթության ոլորտում հետ ընկնելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Հիմա կասեք՝ բա, լավ, ինչ անենք։ Այդ հարցը տարիներ առաջ ծագել է Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Ու նրանք գտել են պատասխանը. պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր համալսարանները հայտնվեն աշխարհի ամենահեղինակավոր բուհերի ցուցակի պատվավոր տեղերում։ Այսինքն՝ ուղղակի շատ կոնկրետ գումարներով խրախուսել են բուհերին։
Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք
Տեսեք, թե Ուսաստանն ինչ է արել: Մի քանի տարի առաջ շատ լուրջ պետական ծրագիր են մշակել, որը կոչվում է 5-100: Ոչ թե 500, այլ 5 և 100: Երևի կռահեցիք, թե ինչ է նշանակում այս անվանումը: Այո, շատ ճիշտ եք՝ այնպես անել, որ մինչև 2020 թվականը ռուսաստանյան առնվազն 5 համալսարաններ հայտնվեն աշխարհի 100 լավագույն բուհերի ցուցակում: Շահագրգռել են բուհերին, մրցույթ են հայտարարել, ասել են՝ ներկայացրեք ծրագիր, թե ինչպես եք մտադիր հայտնվել 100 լավագույնների շարքում, ու մրցույթը շահողները պետությունից կոնկրետ գումար կստանան իրենց այդ ծրագիրն իրագործելու համար: Սա իր արդյունքը տվել է՝ կապ չունի, թե քանիսն են հայտնվել 100 լավագույն բուհերի ցուցակում, ուղղակի այդ խրախուսումը ստացած բուհերից մի քանիսը հսկայական առաջընթաց են ապրել՝ եղել են 400-րդ հորիզոնականներում, այժմ լավագույն 200-ի թվում են։ Հիմա ասեք՝ չարժե արդյոք նույնը անել մեզ մոտ՝ Հայաստանում: