ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Իմ քայլն» առաջարկում է զոհված զինծառայողների ծնողներին ու այրիներին անվճար կրթության իրավունք տալ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության առաջարկի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է, որն այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց, որ նախագծի գաղափարն առաջացել է 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների հարազատների փորձից:
«Այս պահին սովորողները 13 հոգի են, որից 5-ը՝ զոհվածի այրի և ծնողներ են, մնացած 7-ը՝ քույր-եղբայրներ,- ասաց Հովսեփյանը,- ես տեղյակ եմ, որ ևս 3 ծնողներ ցանկություն ունեն սովորելու, սակայն վճարման խնդրի առաջ են կանգնում, կաշկանդված էին՝ դիմեն արդյոք, և արդյոք բուհը կաջակցի իրենց»:
Պատգամավորը նշեց, որ նախկինում զոհվածների հարազատներին ուսման վարձի հարցով աջակցել է կա՛մ բուհի ղեկավարությունը, կա՛մ որևէ բարերար: Այժմ կառավարությունը որոշել է իր վրա վերցնել այդ պարտավորությունը՝ հնարավորություն տալով հայրենիքին զավակ նվիրած ծնողներին մասնագիտություն ստանալու ու փոխելու իրենց կյանքի որակը:
Զավակների զոհվելուց հետո, գիտենք, որ ծնողները, որպես կանոն, պարփակվում են տանը, զերծ են մնում շփումներից, և իրենց համար սա լավագույն հնարավորությունն է, որպեսզի քայլ անեն ու կյանքը վերարժևորեն»,- ասաց նա:
Սոֆյա Հովասեփյանը հայտնեց, որ զոհվածներից մեկի մայրն այժմ սովորում է հոգեբանության ֆակուլտետում ու մասնագիտություն ստանալուց հետո մտադիր է օգնել կյանքի համանման իրավիճակում հայտնված այլ ծնողների:
Մխիթարյան. «ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը թերի է և միակողմանի»
«Մենք ուզում էինք, որ զոհվածների քույրերն ու եղբայրները ևս անվճար սովորելու հնարավորություն ունենային, սակայն, քանի որ բուհերից չկարողացանք ամբողջական թիվը պարզել, թե որքան են այս պահին նման ուսանողներն ու հետագայում ինչ թվի հետ կարող ենք գործ ունենալ, կառավարության առաջարկով այդ բաղադրիչը դուրս է եկել, որպեսզի ուսումնասիրենք ու նոր հետագայում ավելացնենք»,- ասաց Հովսեփյանը:
Պետությունը կվճարի որոշ ուսանողների ուսման վարձերը․ ովքե՞ր են շահառուները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքը երաշխավորում է միայն ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների անվճար կրթությունը: Առաջարկող փոփոխությամբ այս դրույթը լրացվելու է նաև «ծնողների, ամուսնու» բառերով: