Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը լքել է պաշտոնը․ Աղաևն այդպես էլ «չվերադարձավ» գյուղից

Իբադուլլա Աղաևը հայտարարել է, որ գլխավոր համաճարակաբան է աշխատել հանրային հիմունքներով և դրա համար աշխատավարձ չի ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել

«1976թ․-ից աշխատում եմ Ադրբեջանի բժշկական համալսարանում (ԱԲՀ), 1992թ․-ից ԱԲՀ-ի ամբիոնի վարիչ եմ, պրոֆեսոր, ինչպես նաև վաստակավոր մանկավարժ։ 1991թ․-ից հանրային հիմունքներով որպես գլխավոր համաճարակաբան եմ աշխատել։ Այդպիսի աշխատանքի համար աշխատավարձ չեն վճարում։ Ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, ինքս եմ հրաժարականի դիմում ներկայացրել»,-ասել է Աղաևը։

Ավելի վաղ Աղաևը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ գյուղ է մեկնել և չի հետևում երկրում կորոնավիրուսի տարածմանը։

«Ես Բաքվում չեմ, մարզում եմ։ Ոչինչ չգիտեմ։ Գյուղում եմ, այստեղ ո՛չ հեռուստացույց ունեմ, ո՛չ ինտերնետ»,-ասել էր Աղաևը իրեն զանգած լրագրողին։

Լրագրողի դիտարկմանը, թե նա գլխավոր համաճարակաբանն է, Աղաևը պատասխանել էր` ես էլ եմ մարդ։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ` երկրի շրջանների մեծ մասում կորոնավիրուսի պատճառով մինչև հուլիսի 10-ը, ժամը 06։00-ը խիստ կարանտինային ռեժիմ է գործում։ Կասեցված են բոլոր ոլորտների, այդ թվում սպասարկման և առևտրի ոլորտի աշխատանքը, ինչպես նաև հանրային տրանսպորտի և ավտոմեքենաների տեղաշարժը։ Մարդկանց տեղաշարժը թույլատրվում է միմիայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ հուլիսի 8-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 21 374 դեպք է գրանցվել, համավարակի զոհ է դարձել 265 մարդ։ COVID-19-ի տարածման տեմպերով Ադրբեջանն աշխարհում 55-րդ տեղն է զբաղեցնում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Ենթարկել է COVID-19-ով վարակման ռիսկի․ լրագրողները դատի կտան Բրազիլիայի նախագահին