Կարծես Լեդի Դին է վերադարձել․ Քեյթ Միդլթոնը փորձել է նմանվել հանգուցյալ սկեսուրին

Առաջին անգամը չէ, որ արքայազն Ուիլյամի կինը հագնում է այնպիսի զգեստ, ինչպիսին ունեցել է հանգուցյալ սկեսուրը։ Հուլիսի 1-ին արքայադուստր Դիանան կդառնար 59 տարեկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, հանգուցյալ սկեսուրի՝ արքայադուստր Դիանայի ոճի հանդեպ կրկին իր հարգանքն ու հիացմունքն է արտահայտել։ Այս անգամ Քեմբրիջի դքսուհին լեդի Դիի զգեստը կրկնօրինակել է Queen Elizabeth Hospital պետական հոսպիտալ այցելության ժամանակ՝ Անգլիայի Ազգային առողջապահական ծառայության 72-րդ տարեդարձի առթիվ, գրում է Daily Mail․

Քեյթը հագել էր կապույտ երկարաթև վերնաշապիկ-շրջազգեստ՝ սպիտակ օձիքով։ Պարբերականի տվյալներով՝ շրջազգեստն արժե 525 ֆունտ ստեռլինգ: Նմանատիպ շրջազգեստ կրել է արքայադուստր Դիանան 1985թ․-ին։ Նշենք, որ արքայազն Ուիլյամի կինն առաջին անգամը չէ, որ հագնում է այնպիսի զգեստ, ինչպիսին ունեցել է հանգուցյալ սկեսուրը։  Հուլիսի 1-ին արքայադուստր Դիանան կդառնար 59 տարեկան։ Տարեդարձի կապակցությամբ ԶԼՄ-ները հաճախ են անդրադառնում արքայադստեր կերպարին, նրա հանդերձանքներին և աքսեսուարներին։  

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել

Չնայած արքայադուստր Դիանան մահացել է ավելի քան 20 տարի առաջ, նրա կերպարը շարունակում է մնալ համաշխարհային ԶԼՄ-ների և համացանցի միլիոնավոր օգտատերերի ուշադրության կենտրոնում, իսկ նրա ոճը շարունակում են ընդօրինակել ոչ միայն երկրպագուհիները, այլ նաև հարսները՝ արքայազն Ուիլյամի և Հարիի կանայք՝ Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը։ Համարվում է, որ նրանք սկսեսուրին ընդօրինակում են ոչ միայն հագուստի, այլև շփման և բարեգործական գործունեության հարցերում։