ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհում այս պահին կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 20-ը վերջնական արտադրանք դառնալու մեծ շանս ունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում դեղեր և պատվաստանյութեր ձեռք բերելու առումով Հայաստանն ինչ քայլեր է անում։
«Առողջապահության ոլորտի մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է։ Սկզբում նման համոզում չկար, սակայն ժամանակի ընթացքում այդ համոզմանը եկան։ Հիմա երկրները մշակում են պատվաստանյութը գնելու գործընթացը, սակայն անորոշությունները շատ են»,–ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով` հարցն այն է, որ տարբեր երկրներ գնում են դեռևս չարտադրված պատվաստանյութերի ամբողջ քանակը։
Նա նշեց, որ հիմա մրցավազքի պես մի բան կա, և ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր գնել, հիմա էլ դեռ չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակ են գնում։ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը որոշել է արդեն իսկ սկսել խոսակցություններ ինչպես ուղիղ արտադրողների, այնպես էլ ՅՈՒՆԻՍԵՖ–ի, ԱՀԿ–ի, ԳԱՎԻ–ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) հետ։
Ինչ վերաբերում է դեղերին, ապա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ այլ հակավիրուսային դեղեր է ձեռք բերել։ Մասնավորապես, նախարարությունը «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ է գնել, որը 7-10 օրից Հայաստանում կլինի, իսկ ռուսական «Ավիֆավիրը» ձեռք բերելու համար բանակցություններ են տանում։ Բացի այդ, ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիր» դեղամիջոցներից ունենալու համար բանակցություններ են վարում. ճապոնական արտադրանքից արդեն իսկ ստացել են, շուտով կսկսեն օգտագործել։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։