«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու են վատ ընկերության գործերը հայաստանյան շուկայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Beeline–ը հայաստանյան շուկայում աշխատում է շահույթով, որը, սակայն, անընդհատ նվազում է: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Beeline ապրանքանիշի սեփականատեր, «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով` իր խնդիրների մեծ մասն ընկերությունը լուծում է, բայց տեղական շուկայում աշխատելն օրեցօր ավելի է դժվարանում: Մեկ բաժանորդից ստացվող եկամուտն ավանդաբար ցածր է ու շարունակում է նվազել:

«Անդառնալիորեն նվազում է ձայնային ծառայություններից օգտվողների թիվը, դրանց փոխարեն բաժանորդները նախընտրում են ինտերնետ զանգեր կատարել, հատկապես՝ արտասահման զանգելու դեպքում: Դա վատ նշան է, բայց սա հատուկ է այսօր բոլոր շուկաներին»,- ասաց Պյատախինը:

«Վեոն Արմենիայի» նկատմամբ ընկերությունների հետաքրքրությունը, տնօրենի խոսքով, հիմնականում պայմանավորված է կաբելային կապի առկայությամբ, ինչը բավական հեշտացնում է 5G կապ ստեղծելու հնարավորությունը: Հարցին, թե ինչու ընկերությունն ինքը չի օգտվում այդ հնարավորությունից, այլ որոշել է վաճառել այն ուրիշին, Պյատախինը նշեց, որ այդ հարցը որոշվել է ընկերության՝ Ամստերդամում գտնվող գլխադասային գրասենյակում:

Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին

Իսկ իր ապագա ծրագրերի, Հայաստանում մնալ-չմնալու ու այլ ընկերություն տեղափոխվելու մասին հարցերին Անդրեյ Պյատախինը պատասխանեց կարճ, բայց հայերենով.

«Միայն Աստված գիտի»:

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու շուրջ։

Ucom-ի համար պատրաստ են ավելի քան 34 մլրդ դրամ վճարել. Եսայանների վերջնական առաջարկը

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom-ի մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

«Յուքոմը» բացահայտել է «Բիլայնի» գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները