ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան: Տեղեկությունը հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook–ի էջում։
Տեղեկացվում է նաև, որ հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:
«Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 18–ին հայտնի դարձավ, որ Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 17-ը վարակվել են կորոնավիրուսով։ 70 մարդ է թեստավորվել էր, վարակը հաստատվել էր 45-ի մոտ։ 28 վարակվածները տուն–ինտերնատի աշխատակիցներն էին, մնացած 17–ը` բնակիչները։
Հունիսի 21–ին տեղեկություն տարածվեց, որ Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 2–ը մահացել են։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Նորքի տուն-ինտերնատում մարտից ի վեր կորոնավիրուսով վարակված 10 տարեց է մահացել, սակայն նրանց ոչ բոլորի մահվան պատճառն է եղել վարակը։