Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։
Sputnik

Արևմտյան Հայաստանում հերթական դաշտային աշխատանքի ու ֆիլմի նկարահանումների ժամանակ Մուշի հայերի հետ այցելեցի տեղի այն գյուղերը, որոնցում առավել շատ են պահպանվել հայկական պատմամշակութային հուշարձաններն ու ազգային ինքնությանը տեր կանգնող հայերը։ Մուշից մի քանի կիլոմետր հեռու Քրդագոմ գյուղն է։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Անվանումից պարզ է դառնում, որ նախկինում ևս այն հիմնականում քրդերով է բնակեցված եղել։ Այսօր նույն վիճակն է։ Տեղացի տարեց քրդերից մեկը ներկայացնում է գյուղի պատմությունը.

-Սա Ավդալ աղայի գյուղն է եղել։
-Ո՞վ է Ավդալ աղան,- հարցնում եմ։

Հարցուփորձը վերածվում է մի մեծ ու ողբերգական պատմության սկզբի։ Քուրդը պատմում է ինչպես Ավդալ աղայի, այնպես էլ նրա թողած ժառանգության մասին։  

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

«Մեծ մարդ էր Ավդալ աղան։ Հարուստ մարդ էր, բայց բարի մարդ էր»,-նշում է քուրդ գյուղացին։

Մեզ ուղեկցող մշեցի հայ Արմեն Գալուստյանից հետաքրքրվում եմ, թե ով է եղել Ավդալը, որ այդպիսի հետք է թողել քրդերի հիշողության մեջ։ Մուշում ապրող և հայկականությունը ամուր պահող մեր հայրենակիցը ցավով է պատմում, որ 1915-ի կոտորածի ժամանակ Ավդալը սպանվել է դաժանաբար, սպանվել հենց այն մարդկանց կողմից, որոնց ինքը տարիներ շարունակ օգնել է։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Հարյուրավոր հայերի լցրել են Ավդալի կառուցած ցորենի ամբարները և այրել դրանք։ Մի քուրդ երեխայի օգնությամբ, սակայն, փրկվել են Ավդալի որդին ու թոռը։ Ամիսներ անց սովի ու տառապանքի ճանապարհին մահացել է նաև որդին՝ 12-ամյա երեխային թողնելով բախտի քմահաճույքին։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Քրդագոմի՝ մեզ արդեն ծանոթ քուրդը շարունակում է պատմությունը՝ նշելով, որ մի քանի տարի առաջ իրենց են այցելել Ավդալի հետնորդները՝ Ցեղասպանությունից հրաշքով փրկված 12-ամյա թոռան՝ Տիգրան Ավդալյանի զավակները։ Այսօր նրանք ապրում են Ռուսաստանում և ոչ միայն չեն մոռացել իրենց ազգային արմատները, այլև վերադարձել ու գտել են իրենց բնօրրանը։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Մշեցի Արմենի օգնությամբ կարողանում եմ կապ հաստատել Ավդալի՝ Ռուսաստանում բնակվող հետնորդների հետ։ Երկու եղբայր, որոնք իրենց կյանքը նվիրել են հայկական ինքնության խնդիրների բարձրաձայնմանը և ազգային արժեքների պահպանմանը։ 12 տարեկանում Ցեղասպանության արհավիրքի միջով անցած նրանց հայրը բոլոր մանրամասնություններով նկարագրել է այն դաշտերը, լեռներն ու շինությունները, որոնք շրջապատել են իրեն Մուշում։

Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում

Որդիները հիմա պարբերաբար այցելում են Մուշ, իրենց աչքերով տեսնում այդ դաշտերը, լեռներն ու կիսավեր շինությունները՝ հագեցնելով Ավդալին միացած իրենց հոր կարոտը։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

«300-ից մեկը մնաց, ու դա, երևի, մերանի համար մնաց, Մշո մերանի համար, իսկ Մշո մերանը շատ ձիգ մերան է»,-հուզմունքով ասում է Ալիկ Ավդալյանը՝ Տիգրանի ավագ որդին։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Եղբոր խոսքը շարունակում է Պետրոսը՝ անդրադառնալով Մուշի հայերի հետ իրենց կապերին։ Նրա խոսքով` Քրդագոմում և Մուշի մյուս բնակավայրերում իրենք հանդիպել են բազմաթիվ հայերի, խոսել ինչպես իրենց նախապապի մասին պահպանված հուշերի, այնպես էլ յուրաքանչյուրի անցած ճանապարհի, այսօրվա կենսակերպի մասին։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Նրանք նշում են, որ եթե Արևմտյան Հայաստանում ապրող էթնիկ հայերն այսօր չեն թաքցնում իրենց ծագումն ու անկաշկանդ խոսում են այդ մասին, ապա սփյուռքում մեծ արագությամբ ձուլում է ընթանում։ Պետրոս Ավդալյանն առաջարկում է օրինակ վերցնել Մուշի, Դիարբեքիրի, Սասունի և Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի հայերից։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

«Ես պատկերացնում եմ, որ ամեն մի հայ պետք է մտածի բոլորիս ապագայի մասին, որ մենք մեր ազգությունը չկորցնենք։ Ես ցանկանում եմ, ձգտում եմ, որ մեր գերդաստանն էլ չվերջանա մեզանով, մեր երկու եղբայրներով»,–ասում է Պետրոսը։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։

Մշեցի Արմեն Գալուստյանն այդ բազմաթիվ հայերից մեկն է։ Նրա կյանքի ոդիսականի մասին, սակայն, կպատմեմ հաջորդ ակնարկներում։

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին