Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել

Մոսկվա–Երևան` հուլիսի 8-ին կայանալիք չվերթի որոշ քանակի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի ձեռք բերել հուլիսի 6-7–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով:

Երևանից ՌԴ ևս երեք չվերթ կիրականացվի, բայց ոչ բոլորը կարող են օգտվել այդ հնարավորությունից

«Թռիչքը կկայանա Red Wings ընկերության կողմից։ Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին (մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N 94 տոմսարկղից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Մոսկվա–Երևան տոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է (ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ)։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։ Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (1-ին հարկ):

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ՀՀ ԱԳՆ–ի ջանքերով Հայաստան են տեղափոխվել շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք։ Ընդհանուր առմամբ, պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: