ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 5-ի դրությամբ Հայաստանում ինքնամեկուսացել է ընդհանուր առմամբ 83 500 քաղաքացի: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ինքնամեկուսացման դեպքում կատարվում է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ և փոխանցվում պարետատուն՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար:
Համավարակի ընթացքում հզորացվել են նաև լաբորատոր կարողությունները, վերապրոֆիլավորվել, սարքավորումներով ու ռեագենտներով համալրվել մարզային հիմնարկները, մասնագետները վերապատրաստվել են: Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում նոր ՊՇՌ լաբորատորիաներ են ստեղծվել, ինչի արդյունքում ապահովվել է օրական ավելի քան 2000 նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն:
Վերապրոֆիլավորման արդյունքում այսօր Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ են զբաղվում շուրջ 19 բժշկական հաստատություն՝ 2612 մահճակալային ֆոնդով, որից 287-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում:
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 64 տարեկան է
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը, ինչպես նաև կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր մասնաշենք:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսել են շինարարական աշխատանքներ` 50 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար: Միաժամանակ ԲԿ-ի առաջին հարկում նախատեսվում է ծավալել նոր ընդունարանային մաս, որտեղ իրականացվելու է պացիենտների տեսակավորումը` ըստ ծանրության աստիճանների:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ընթանում է շինարարական աշխատանքներ` 40 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար:
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում ընթանում են աշխատանքներ` 140 մահճակալային ֆոնդ ծավալելու համար, որից 40-ը` վերակենդանացման համար:
«Արաբկիր» բժշկական համալիրում 14 օրում կառուցվել է հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Մեկուսարանն ունի 8 հիվանդասենյակ և 16 մահճակալ:
Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփում ունեցող անձանց բժշկական հսկողությունն իրականացնում են առողջության առաջնային պահպանման հաստատությունները: Հուլիսի 6-ի դրությամբ առաջնային օղակի հսկողության տակ են գտնվում 9086 պացիենտ:
Հուլիսի 6-ի դրությամբ արտերկրից Հայաստան են ժամանել 46 մասնագետ, որից 1-ը Գերմանիայից, 18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից, ևս 11 բուժաշխատող` Իտալիայից: Ժամանողները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, բուժքույրեր:
Հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսից բուժված պացիենտների թիվը 16 302 է, մահացությունը կազմում է 1.7 %: Հուլիսի 5-ի դրությամբ բուժում ստացող պացիենտներից 516-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 128-ինը` ծայրահեղ ծանր:
Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին