Պահանջում ենք բացառել միջամտությունը ԶԼՄ-ների գործունեությանը. հայտարարություն

Լրագրողական ազմակերպությունները համոզված են, որ եթերում դիմակ դնել–չդնելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել` ՀՀ կառավարությունից ու պարետատնից պահանջելով չօգտագործել ուժային կառույցները նրանց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, ինչպես նաև հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։

«Պատվով, կարգով ընդունեցինք...». ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» են այցելել

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 3-ին հեռուստաեթերում դիմակ չդնելու համար ոստիկանները վարչական վարույթ են  հարուցել «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններում:

«Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք որպես իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել մեծ նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով»,–ասվում է լրագրողական կազմակերպություննեի տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ». վարչական վարույթ է հարուցվել

Նրանք նաև հորդորում են լրատվամիջոցներին՝ զերծ մնալ պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում՝ իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.

  • ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
  • ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
  • ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
  • ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
  • ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
  • ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
  • «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
  • «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Հայաստանում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։ Քաղաքացիներրը պետք է դիմակ կրեն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, տաքսիներում և անձնական ավտոմեքենաներում։

Իշխանությունները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի կանխել երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 13-ը։

Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանն արձագանքել է