Վաղն ամենածանրաբեռնված օրն է. նախարար

Շուրջ 13 հազար դիմորդից 5000–ը միասնական քննություն են հանձնելու մաթեմատիկայից։ Նախարարը վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Բուհերի ընդունելության միասնական քննությունները շարունակվում են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում էջում գրառում է կատարել՝ տվյալներ հրապարակելով նաև վաղվա՝ միասնական քննություններին մասնակցող դիմորդների թվի մասին։

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան

«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին»,- գրել է նախարարը։

Նա նաև ևս մեկ անգամ խնդրել է դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորություն, դնել դիմակ, իսկ ծնողներին`քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներ չստեղծել։

«Ամեն ինչ շատ լավ է լինելու»,- լավատեսական նոտայով ավարտել է գրառումը Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2–ին և կավարտվեն հուլիսի 8-ին։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն բուհ ընդունվելու համար։

Մինչև քննության մեկնարկը բոլորը կջերմաչափվեն, դիմորդներին կտրամադրեն դիմակ, ձեռնոց և գրիչ։

Քննությունները կանցկացվեն մեկ փուլով։

Ջերմություն ունեցող դիմորդները քննությանը չեն մասնակցի․ Արայիկ Հարությունյան