Ծնվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի առաջնեկը. լուսանկար

Միհրան Ծառուկյանն իր առաջնեկի հետ լուսանկար է հրապարակել սոցցանցում` ուրախ իրադարձության մասին իր հետևորդներին տեղեկացնելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփի Գաբրիելյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել։

Միհրան Ծառուկյանը Instagram-ի իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել։ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020», - լուսանկարին կից գրել է Միհրանը։ Նշենք, որ որդուն Միհրանն իր հոր անունն է տվել։

Ի դեպ, զույգի երեխայի սեռի մասին հայտնի էր դարձել նախորդ ամիս միայն։ Միհրան Ծառուկյանը Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որով բացահայտել էր առաջնեկի սեռը։ Տեսանյութում Միհրանը կտրում էր տորթն ու տեսնում, որ թխվածքի խմորե շերտերը կապույտ են։ Նշանակում է՝ զույգը որդի է ունենալու։ «Աշխարհի ամենաերջանիկն եմ», - տեսանյութին կից գրել էր Միհրանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել են: Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում։ Հարսանիքին ներկա են եղել միայն զույգի մտերիմները։