Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել. 100 000 հայկական արտադրության թեստ կունենանք

Կորոնավիրուսի բուժման համար մարտից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից շուրջ 290-ը ռեանիմացիոն են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել` անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված առողջապահական համակարգի կարողությունների ընդլայնմանը։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

«Չինաստանից պարետատան տեղափոխած հումքն օգտագործելով՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է պատրաստել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Արդեն իսկ 5500 թեստեր տրամադրվել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Ընդհանուր առմամբ, այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ»,–հայտնել է Ավինյանը։

Նրա խոսքով` սկզբնական փուլում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն` մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսից օրական ավելի քան 2000 թեստ է իրականացվում: Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:

Ինչ վերաբերում է մահճակալային ֆոնդին, ապա մարտից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից շուրջ 290-ը ռեանիմացիոն են:

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է

Իսկ 5680 բուժաշխատող մասնակցել է նոր կորոնավիրուսի կանխարգելման ու հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների։ Ավելի քան 2270 հոգի մասնակցել են նեղ մասնագիտական միջազգային ու տեղական վեբինարների նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ:

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։