ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Դոնալդ Թրամփին

ՀՀ վարչապետն իր ուղերձում նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:

Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ:

«Նրա վերաբերմունքը Պուտինի նկատմամբ հանելուկ էր». Թրամփի նախկին խորհրդական

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգանալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը»,–իր ուղերձում ասել է նախագահ Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղերձում նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ մեկ տարի առաջ հաստատված ռազմավարական երկխոսության շրջանակում:

Փաշինյանի խոսքով` կարևոր է ուժերի ներածի չափով Հայաստանի շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։

Ինչու է ԱՄՆ–ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելանում. Թրամփն ունի պատասխանը

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,–նշված է Փաշինյանի ուղերձում։

ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարեդարձը: Պատմական այս նշանակալից փաստը, ըստ Փաշինյանի, առանձնահատուկ զգացմունքային երանգ և բովանդակություն է հաղորդում գործընկերությանը։

Հիշեցնենք, որ 1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն:
1776թ. հուլիսի 4-ի Անկախության հռչակագիրը, այսպիսով, սկիզբ դրեց ամերիկյան պետականությանը: Հռչակագիրը դարձավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում գաղութներն անվանվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»: 1870թ. արդեն ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն: