Հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի կամրապնդենք. Փաշինյանի ուղերձը Կաստեքսին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին` մաղթելով բարօրություն և հաղթական ապագա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ֆրանսիայի նախկին վարչապետը կնստի 2 տարի. ախր ճիշտ են ասում ֆրանսիացիները՝ «շեղշե լա ֆամ»

«Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք էլ ավելի կամրապնդենք ընդհանուր արժեքների և պատմամշակութային առնչությունների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները»,–նշված է Փաշինյանի ուղերձում։

ՀՀ վարչապետն ասել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում համավարակի հաղթահարման հարցում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայտնի դարձավ` Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել Մակրոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ էր նշանակել Ժան Կաստեքսին։