«Բավականին լավ է կազմակերպված». նախարարը ներկայացրել է քննության ընթացքը. տեսանյութ

Արայիկ Հարությունյանն Արտաշատի դպրոցներից մեկն է այցելել, որտեղ ընթանում են միասնական քննություններ։ Նախարարը, ծանոթանալով կազմակերպման ընթացին, ասաց, որ պրոցեսին մի փոքր խանգարում են ծնողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ այսօր այցելել է Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ անցկացվում են միասնական քննություններ:

«Բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ»,-Facebook–ի իր էջում ասաց Հարությունյանը` ուղիղ եթերով ներկայացնելով քննության կազմակերպման գործընթացը:

Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը

Այսօր դիմորդները քննություն են հանձնում «Աշխարհագրություն» (286 դիմորդ), «Հայոց պատմություն» (1598) և «Քիմիա» (349) առարկաներից:

Նախարարը ցուցադրեց, որ քննասրահ մտնելուց առաջ դիմորդները պահում են սոցհեռավորությունը, այնուհետև ներսում ջերմաչափում են նրանց, ախտահանում ձեռքերը։ Հարությունյանին նույնպես դպրոց մտնելիս ջերմաչափեցին։

Այնուհետև նախարարը մարզպետի հետ շրջեց քննասենյակներով ու համոզվեց` այնտեղ նույնպես անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանված է։

«Այս պրոցեսին մի փոքր խանգարում են ծնողները, որոնք կուտակվում են դրսում` դարպասների մոտ, բայց այս պահին կարծես ամեն ինչ նորմալ է»,–ասաց նա` հավելելով, որ հաջորդ` հուլիսի 6-ին կայանալիք մաթեմատիկայի քննությանը կայցելի Կապանի դպրոցներից մեկը։

Նշենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնում է, որ միասնական քննությունների համար ձևավորված 47 քննական կենտրոնից այսօր գործելու է 23-ը, որից 8-ը՝ մայրաքաղաքում:

Միասնական քննությունները մեկնարկում են. պարսկերենից քննություն հանձնող չի լինի

Հիշեցնենք, որ միասնական քննությունները կավարտվեն հուլիսի 8-ին։ Այս տարի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով դիմորդները մեկ քննությամբ բուհ կընդունվեն, իսկ քննությունները կկազմակերպվեն մեկ փուլով։