Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եղբոր մասին ասել է․ «Փոքր ժամանակ Ֆրունզիկն անօգնական էր, նրա վրա բոլորը ծիծաղում էին, նիհար էր, մեծ քթով, բայց պարզվեց, որ աստված նրան ահռելի դերասանական տաղանդ է տվել։ Նա ամբողջ կյանքն այդպես ապրեց՝ միաժամանակ ուրախ և տխուր մարդ էր։ Եվ ԽՍՀՄ-ը պաշտում էր իր տաղանդին»։
Ֆրունզը, որին իսկապես պաշտում էր ամբողջ Խորհրդային Միությունը, այսօր կդառնար 90 տարեկան։ Sputnik Արմենիան ներկայացնում է համաժողովրդական դերասանի ամենահայտնի դերերի ընտրանին։
Միմինո
Չնայած նրան, որ Գեորգի Դանելիայի կինոնկարում դիլիջանցի վարորդ Ռուբեն Խաչիկյանի դերի համար Ֆրունզիկ Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ի սկզբանե այդ դերը նույնիսկ չի էլ եղել սցենարում։ Դիլիջանի ջրի մասին արտահայտությունը տարածվել է ամբողջ Խորհրդային Միությունում և դարձել թևավոր։ Այն մինչև հիմա հաճախ են օգտագործում տարբեր բեմադրություններում և տեսահոլովակներում։
Մեր մանկության տանգոն
Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմը մասամբ հիմնված է հենց ռեժիսորի և նրա եղբոր հիշողությունների վրա։ Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսը՝ Ռուբենը, վերադառնալով պատերազմից, թողնում է ընտանիքին և գնում կնոջ մոտ, որը ռազմաճակատում փրկել է նրա կյանքը։ Սակայն նրա օրինական կինը՝ Սիրանուշը, չի կարողանում համակերպվել սիրելի ամուսնու դավաճանության հետ և ամեն ինչ անում է, որ հունից հանի նրան։ Արդյունքում կնոջ և երեխաների արարքները նրան անհեթեթ քայլի են դրդում, և Ֆրունզիկի հերոսը հայտնվում է բանտում․․․ Մեկ տարում ֆիլմը դիտել է ավելի քան 3 միլիոն հանդիսատես։
Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները
Լեոնիդ Գայդայի ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանը կատարում է Ջաբրայիլի՝ Նինայի մորեղբոր դերը։ Նա շրջանային կոմունալ տնտեսության վարիչ Սաախովի վարորդն է, որը համաձայնել է վաճառել Նինային 20 ոչխարի, արտասահմանյան «Ռոզենլև» սառնարանի և պատվոգրի դիմաց։
Խոշոր շահում
«Խոշոր շահում» լիրիկական կատակերգությունը, որը նկարել է Ալբերտ Մկրտչյանը, պատմում է կռունկավար Գառնիկի մասին։ Նա «Զապորոժեց» է շահում վիճակախաղով, բայց նրան բաժին ընկած ուրախությունը շուտով վերածվում է իսկական տանջանքի, քանի որ բոլոր ազգականները, հարևանները և ծանոթները դիմում են նրան ու խնդրում ինչ-որ տեղ տանել։ Արդյունքում Գառնիկը հոգեկան հիվանդություն է ստանում։ Սա հոգեբանական տեսանկյունից Ֆրունզիկ Մկրտչյանի ամենաբարդ դերերից է։
Միայնակներին տրվում է հանրակացարան
Սամսոն Սամսոնովի ֆիլմում ամենաազդեցիկ կերպարներից մեկը կերտել է Ֆրունզիկ Մկրտչյանը։ Նա խաղացել է Նինայի՝ գլխավոր հերոսուհի Վերայի ընկերուհու նրբազգաց և զգացմունքային ամուսնու դերը։ Վերան ազատ ժամանակ դասավորում է իր ընկերուհիների անձնական կյանքը։
Զինվորը և փիղը
Դմիտրի Քեսայանցի ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ֆրունզիկը ֆիլմում կատարում է խորհրդային զինվոր Արմենակ Գասպարյանի դերը, որին հանձնարարել են գնդակոծության տակից հանել և Գերմանիայից վերադարձնել Երևանի կենդանաբանական այգի։
Հին օրերի երգը
Հոգեբանական առումով բարդ, խորապես ողբերգական դեր է բաժին ընկել Ֆրունզիկ Մկրտչյանին Ալբերտ Մկրտչյանի ֆիլմում։
Նշենք, որ Ֆրունզիկ Մկրտչյանը մահացել է 1993թ.–ի դեկտեմբերի 29–ին։