Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ». վարչական վարույթ է հարուցվել

Ոստիկանները «Արմնյուզ» հեռուստաընկերություն են այցելել ու վարչական վարույթ հարուցելու մասին հայտնել` հղում անելով պարետի որոշմանը։ Սամվել Ֆարմանյանը դեպքը լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն։ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ շատ բարեկիրթ ձևով ոստիկանության աշխատակիցները ներկայացել են ՀԸ և հայտնել, որ վարչական վարույթ պետք է հարուցեն։

«Լուրերի տաղավարում մեր հեռուստամեկնաբաններից մեկը՝ Աբրահամ Գասպարյանը, դիմակ չի կրել իր երեկոյան հեղինակային հաղորդման ժամանակ»,–ասաց Ֆարմանյանը, որն, ի դեպ, ուղիղ եթերի ժամանակ առանց դիմակի էր։

Նա նշեց, որ ոստիկաններին ասել են, որ որևէ հիմք ցույց տան, ըստ որի տաղավարում, որտեղ պահպանվում է սոցիալական հեռավորությունը, հաղորդավարը պետք է դիմակ կրի։ Իսկ ոստիկանները հղում են արել պարետի որոշումը գրասենյակում աշխատելու պայմանների մասին։

Դնե՞լ, թե՞ չդնել. վարչապետը բացահայտեց բժշկական դիմակների շուրջ ստեղծված առեղծվածը

Ֆարմանյանը նշում է, որ ոստիկաններին ներկայացրել են ՀՌԱՀ–ի նախագահի բացատրությունը, որ տաղավարում կարելի է դիմակ չկրել, եթե սոցիալական հեռավորությունը պահպանվում է։ Նրա խոսքով` ոստիկանները չեն ասել, թե արդյո՞ք այլ հեռուստաընկերություններ նույնպես այցելել են նույն խնդրով։

Ֆարմանյանի խոսքով` նման միջադեպով գործ ունենք լրատվամիջոցների ազատության անընդունելի սահմանափակման նախերգանքի հետ։ Սա, ըստ Ֆարմանյանի, լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց է։ Նա հայտնում է, որ, ի դեպ, ՀԸ այցելած ոստիկանության աշխատակիցներից մեկը Աբրահամ Գասպարյանի ուսանողներից է եղել։

Ոստիկանները դիմակներ են բաժանում փողոցում և արձանագրություն կազմում. տեսանյութ

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Հայաստանում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։ Քաղաքացիներրը պետք է դիմակ կրեն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, տաքսիներում և անձնական ավտոմեքենաներում։

Իշխանությունները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի կանխել երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 13-ը։