Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ–ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին

Լուրեր են պտտվում, որ ռուսական ռազմակայանը դուրս է բերվելու Հայաստանից։ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրել է Դավիթ Տոնոյանի տեսակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ ռուսական ռազմակայանի գործունեությունը կասեցնելու մասին հայտարարություններին և ներկայացրեց նախարար Դավիթ Տոնոյանի տեսակետը։

«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»,– ասաց նա։

Նշենք, որ վերջին օրերին քաղաքական և հասարակական մի շարք գործիչների հայտարարություններում, ինչպես նաև սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Հայաստանը ցանկանում է կասեցնել ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը։

Հիշեցնենք` Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմակայանը Գյումրիում է տեղակայվել 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: