ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ֆերմեր Գևորգ Գրիգորյանը՝ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից, գարնան սկզբից օրուգիշեր աշխատել է իր ոչ մեծ հողատարածքում, որտեղ 45 ծիրանենի կա․ խնամել է ծառերը, իսկ գիշեները ջրել է այգին։ Այգեշատում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, և երբեմն Գևորգն անգամ ստիպված է եղել վիճել համագյուղացիների հետ։
«Եթե Գևորգը գարնանը ճյուղերը կտրեր, պտուղներն ավելի խոշոր կլինեին։ Բայց, փառք Աստծո, նրա բերքը շատ է։ Այ իմ այգու ծիրանները խոշոր են, բայց այս տարվա բերքը շատ քիչ է»,-ասում է ֆերմերի ազգականը, որը հարևան հողամասի տերն է։
Տգեղները կմնան տանը, սիրուններին կտանեն. կորոնավիրուսը, կարկուտն ու ծիրանի արտահանումը
Գևորգն ինքն էլ ոչ մի րոպե անգործ չի նստում։ Դույլն է մոտեցնում հավաքողներին, սանդուղքն է տեղաշարժում։ Ասում է՝ աշխատել սիրում է, բայց վատ մենեջեր կլիներ՝ շատ է խղճում բոլորին։ Աշխատողներն էլ ջանում են, որքան կարող են, բայց խոստովանում են՝ շինարարությունն ավելի լավ ու արագ է ստացվում։
«Բերքահավաքը նույնպես ձեռնտու է։ Գումար ծախսում ենք միայն ուտելիքի և գազի վրա, դա էլ բոլորով ենք հավաքում և ավելի էժան է ստացվում։ Բա ի՞նչ անենք։ Հո ձեռքներս ծալած չենք նստելու»,-ասում Աբո անունով աշխատակիցը և տանում է հերթական դույլը։
«Խոպանչիները» համակարգված են աշխատում։ Չորսը քաղում են ծիրանը, իսկ հինգերորդը՝ «բրիգադիրը», ինչպես նրան անվանում են, տանում-դատարկում է դույլը։ Գործի ընթացքում կատակում և անկեդոտներ են պատմում։ Իսկույն երևում է, որ պատրաստված են շոգին աշխատելու՝ յուրաքանչյուրի մոտ սառցաջրով շիշ ու լայնեզր գլխարկ կա։ Տղամարդիկ անկաշկանդ շփվում են մեզ հետ և թույլ են տալիս լուսանկարել իրենց։
Ի տարբերություն այս վարպետ բրիգադի, պատանիները պակաս համակարգված են աշխատում․ յուրաքանչյուրն ինքն է լցնում իր դույլը, իջնում է, դատարկում այն և նորից բարձրանում։ Տղաները թաքնվում են տեսախցիկից և հարցերին գրեթե չեն պատասխանում։
-Հենիխ Մխիթարյանի՞ն սիրում ես,–հարցնում եմ 15–ամյա մի պատանու։
-Չէ։
-Իսկ ինչո՞ւ ես նրա ազգանունով մարզաշապիկ հագել։
-Նկատեցի՞ք։ Չէ, ուղղակի ֆուտբոլ եմ սիրում։
-Իսկ ընկերուհի ունե՞ս։
-Չէ,-ակնհայտորեն խաբում է, և ընկերները սկսում են քրքջալ։
Մեր զրույցին հետևում են կանայք։ Նրանք նստած են ծառերի ստվերում, ծածկոցների շուրջ, որոնց վրա ծիրանների ամբողջ սար է։ Կանայք տեսակավորում են պտուղները, երեք շարքով դասավորում արկղերում՝ տակը ամենամանրերը, վերևում ամենախոշորներն ու հասունները։ Պարզվում է, որ դասավորելու մի քանի ձև կա՝ փախլավայաձև, անկյունագծով և անգամ սրտաձև։
Գլխավորը, որ արկղում փչացած մրգեր չհայտնվեն։ Կանայք գնորդ ընկերության աշխատակիցներն են։ Ընկերությունը բերքն ընդունում է մեկ կգ-ի դիմաց 200 դրամով։ Նրանք կարծում են, որ լավ գին է, ֆերմերը նույնպես չի բողոքում։ Աննան ու Վարդիթերը ցույց են տալիս, թե ինչպես է պետք ճիշտ շարել պտուղները և պատմում են, որ օրական 40-50 արկղ են լցնում։
«Առաջ արկղերի վրա մեր անուններն էին գրում, և արտահանումից հետո Ռուսաստանի տարբեր քաղաքներից մեզ շնորհակալական նամակներ էին գալիս՝ սիրուն դասավորված ու համեղ ծիրանների համար։ Հաճելի էր»,-պատմում է Վարդիթերը։
Նա փոխում է աշխատանքը՝ մի օր բերքահավաքով է զբաղվում, հաջորդ օրը՝ տեսակավորմամբ։ Հակառակ դեպքում մեջքը կցավի։ Երկար նստելը տհաճ է, հատկապես շոգին։ Վարդիթերի երեխաները նույնպես մասնակցում են բերքահավաքին։ Նա համոզված է, որ եթե գյուղացիները վարկեր չունենային, ապա մի սեզոն աշխատանքի ընթացքում հնարավոր կլիներ արժանավայել վաստակել և անգամ մի քիչ փող պահել սև օրվա համար։
-Ինչո՞ւ ծիրան չես ուտում,-հարցնում է մյուս աշխատակցուհին՝ Աննան։
-Չեմ սիրում ծիրան։
-Ո՞նց թե՝ հայ աղջիկը ծիրան չի սիրում։ Մի հատ արագ այ էս հասածը կեր,-ինձ է մեկնում միրգը։
Ստիպված ուտում եմ։ Հանկարծ պատանիները ծառերից իջնում ու մոտենում են նոր ժամանած բեռնատարին։ Գնորդն է։ Օրը մի քանի անգամ բեռնատարով գալիս է և մրգերը տեղափոխում սառցապահեստ, որպեսզի արևի տակ չփչանան։ Տղամարդիկ սկսում են տանել արկղերը։ Նախ կշռում են, ապա տեղադրում մեքենայի մեջ։ Բեռնատարը հեռանում է, և բոլորը վերադառնում են իրենց գործին։