ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը մեկնել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ես Բաքվում չեմ, մարզում եմ։ Ոչինչ չգիտեմ։ Գյուղում եմ, այստեղ ո՛չ հեռուստացույց ունեմ, ո՛չ ինտերնետ»,-ասել է Աղաևը իրեն զանգահարած լրագրողին։
Լրագրողի նկատառմանը, թե նա գլխավոր համաճարակաբանն է, Աղաևը պատասխանել է, որ ինքը «նույնպես մարդ է»։
«Ես էլ մարզերում ազգականներ ու հարազատներ ունեմ։ Զանգեք ԱՆ»,-խորհուրդ է տվել Աղաևը։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ` երկրի շրջանների մեծ մասում, կորոնավիրուսով պայմանավորված, մինչև հուլիսի 10-ը, ժամը 06։00-ը խիստ կարանտինային ռեժիմ է գործում։ Կասեցված են բոլոր ոլորտների, այդ թվում և սպասարկման և առևտրի ոլորտի աշխատանքը, ինչպես նաև հանրային տրանսպորտի և ավտոմեքենաների տեղաշարժը։ Մարդկանց տեղաշարժը թույլատրվում է միմիայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 10 մարդ. ամենաերիտասարդը 56 տարեկան է
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ հուլիսի 3-ի դրությամբ COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 10 990 249: Համավարակի զոհ է դարձել 524 176 մարդ։
Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանը վարակի տարածման ցուցանիշներով 55-րդ տեղում է։ Երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 18 684 մարդու մոտ։ Մահացել է 228 վարակակիր։