Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար

Նախագահը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է գույքահարկի մասին օրենքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե այդ իրավունքն ունենար։ Նա նման կարծիք է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք օրենքը հետ ուղարկելու ԱԺ և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը»,–ասել է Սարգսյանը։

Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

Նրա խոսքով` օրենքն ունի դրական տարրեր, քանի որ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք, ըստ Սարգսյանի, հաշվի առնված չեն:

Նախագահը նշել է, որ, օրինակ, պետք է հաշվի առնել Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: «Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել»,–ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է

Դիմելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներին` Սարգսյանը նշել է, որ եթե դրա առնչությամբ առաջարկությամբ հանդես գան, և եթե համաձայն լինի այդ առաջարկության հետ, ապա իր հնարավորության սահմաններում կպաշտպանի այն: Նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին կոչ է արել պաշտպանել իրենց բիզնեսը, քանի որ ՏՏ ոլորտը մեր երկրի ապագան է:

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ն կառավարության առաջարկով ընդունեցեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ.-ի դեկտեմբերից: 2021թ․-ից հարկի բարձրացումը ուժի մեջ կմտնի 25%-ով և մինչև 2026թ․-ն աստիճանաբար կհասցվի 100%-ի։