«Դիակները շփոթում են, իսկ նախարարը մառազմատիկ ստատուսներ է գրում». Տոնոյան

Իվետա Տոնոյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին` ասելով, որ առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը կարծում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործով զբաղվելու փոխարեն` Facebook–ում մառազմատիկ ստատուսներ է շաղ տալիս։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. վարակվածների թիվը հասավ 27 320-ի

«Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Տոնոյանը։

Նրա խոսքով` առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշներն արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը «լկստվում է ֆեյսբուքում»։

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 10 մարդ. ամենաերիտասարդը 56 տարեկան է

Տոնոյանն իր գրառումն ամփոփել է նշելով. «ինչպես ասում են` no comment»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 1-ին Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի՝ Սոնիկ Կարապետյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։ Երեկ հայտնի դարձավ, որ դին գտել են։

Արսեն Թորոսյանը արձագանքելով Զոհրաբյանի գրառմանը՝ գրել էր, թե ինքն անձամբ տեղյակ է եղել դեպքի մասին և զբաղվում էր այդ հարցով։ Նախարարը ԲՀԿ-ական պատգամավորին կոչ էր արել վերադառնալ իրենց «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային։