Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Էդուար Ֆիլիպը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Հրաժարականի պատճառ կարող էր լինել Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության պարտությունը մարզային ընտրություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին: Այդ մասին նշված է Ելիսեյան Պալատի տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր Էդուար Ֆիլիպը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, նախագահն ընդունել է դիմումը»,-տեղեկացնում են Ելիսեյան Պալատից։

Նշվում է, որ կառավարության մյուս անդամների հետ միասին Ֆիլիպը կշարունակի վարել ընթացիկ աշխատաքները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։

Վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել հունիսի 28-ին կայացած մարզային ընտրություններում Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության անհաջող արդյունքի ֆոնին։ Նախագահի կուսակցությունը չի կարողացել զբաղեցնել առանցքային պաշտոնները: Միակ լուրջ հաջողությունը կապված է եղել հենց Էդուար Ֆիլիպի հետ, որին հաջողվել է պահպանել Հավրի քաղաքապետի պաշտոնը։

Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Ֆիլիպը կարող էր քաղաքապետի պաշտոնում այլ թեկնածու առաջարկել, իսկ ինքը շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետ։

Էդուար Ֆիլիպը ֆրանսիական կառավարությունը գլխավորում էր 2017թ-ի մայիսի 15-ից։