Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը. Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը», - նշված է վարչապետի ուղերձում:

Փաշինյանը կարևորել է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը, որը, ըստ նրա, ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Նրա խոսքով՝ այդ բարեկամությունը պարտավորեցնում է շարունակել ձևավորված ավանդույթները և ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս, Երևանի և Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:

Փաշինյանը Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Ավելի վաղ Բելառուսի իր գործընկերոջը անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: