ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հուլիսի 2-ին Երևանում շուրջ 20 տնտեսվարողի գործունեություն է կասեցրել, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է արտակարգ իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտնագության կանոնների խախտման պատճառով։ Խախտումներն արձանագրել է ԱԱՏՄ-ը, գործունեության կասեցման որոշումը կայացրել է պարետատունը։
«Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները», - գրված է հաղորդագրությունում։
Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են «ՎՏԲ Հայաստան բանկի» մասնաճյուղը և սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժինը։ Բացի այդ Երևանի Էրեբունի վարչական շրջանում անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել մի քանի առևտրի կենտրոններում։ Դրանք նույնպես փակվել են։
Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»
Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է նաև խորհրդատվությամբ, ցուցումներով, նաև զգոնության կոչ անում՝ հիշեցնելով կրկնակի խախտումների պարագայում սպասվող առավել խիստ պատժամիջոցների մասին:
Հուլիսի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26 658-ի, առողջացել են 15 036–ը, մահացել 459:
Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ն ներառյալ։ Մայիսի 25–ից դիմակ դնելը պարտադիր է, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։