ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հուլիսի 2-ի դրությամբ Հայաստանից արդեն 8755 տոննա ծիրան է արտահանվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:
«Հայաստանից արտահանվում է հիմնականում բարձր որակի ու ապրանքային տեսքի ծիրան»,- ասաց Օհանյանը՝ պատասխանելով փորձագիտական առկա կարծիքներին, թե այս տարի հայաստանյան ծիրանի տեսքի ու որակի վրա բացասաբար են ազդել եղանակային պայմաններն ու վնասատուները:
«Այն ֆերմերները, որոնք եղանակային պայմաններին ընդառաջ չեն ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, նրանց մոտ նկատվել է բերքի ապրանքային տեսքի որոշակի փոփոխություն՝ պայմանավորված անձրևներով և այլ եղանակային երևույթներով: Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող ծիրանը բարձրորակ ծիրան է, և ապրանքային տեսքի որոշ փոփոխությունները դրա համային հատկանիշների վրա չեն ազդում»,- ասաց նա:
Այդուհանդերձ, գաղտնիք չէ, որ Հայաստանից արտահանվում է միայն լավագույն ծիրանը: Արտահանման հիմնական շուկան եղել և մնում է ԵԱՏՄ-ն, մասնավորապես՝ Ռուսաստանը:
Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել
Իսկ տեսքով ոչ այնքան գեղեցիկ ծիրանը կա՛մ ավելի էժան գնով իրացվում է տեղական շուկայում, կա՛մ վերածվում պահածոյի, չրի, նաև օղու:
Վերադառնալով ծիրանի արտահանման խնդրին, նախարարությունում չեն հերքում, որ ծիրանի արտահանման այս տարվա ու ներկա պահի ցուցանիշները որոշ չափով զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին, բայց և չեն շտապում հետևություններ անել՝ առաջարկելով սպասել ծիրանի բերքահավաքի ավարտին:
«Որոշակի անկում կա նախորդ տարվա համեմատ, բայց քանի որ տվյալները թարմացվում են ամենօրյա պարբերականությամբ, այս պահին ճիշտ չէ զուգահեռներ անցկացնելը: Երբ որոշ ժամանակ անց կունենանք արդեն հետադարձ պատկեր, համեմատությունն ավելի ճիշտ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առկա անկումը շատ մեծ չէ:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով փակ սահմաններին ու արտահանման ծավալների վրա դրա հնարավոր ազդեցությանը, Աննա Օհանյանը նշեց, որ առ այսօր այդ հարցում լուրջ խնդիրներ չեն եղել, բայց իրավիճակի յուրահատկությամբ պայմանավորված` բոլոր հնարավոր հարցերը հնարավորինս արագ լուծվում են Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդի միջամտությամբ ու գործընկեր երկրների հետ երկխոսությամբ:
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով կանխատեսվում է 4%-անոց տնտեսական անկում:
Տնտեսության ճյուղերից ամենամեծ կորուստը կկրի շինարարության ոլորտը՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, իսկ գյուղատնտեսության անկումը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:
Հովակիմյան. «Փորձնական շրջանում խաղողն ու ծիրանը կապահովագրվեն»