Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:
Sputnik

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

Ընդդիմությունը կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարի արդյունավետությունը

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան