Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

​Եկեք անկեղծ լինենք: Երբեմն նույն երևույթը, նույն իրադարձությունը, նույն դրվագը տարբեր մարդիկ այնքան տարբեր, հակասական ու իրարամերժ  տեսանկյուններից են նկարագրում, որ մարդ պարզապես զարմանում է՝ արդյոք խոսքը նույն իրականության մասին է:
Sputnik
Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

Երբ մի քանի օր առաջ Ամերիկայում մահացավ խորհրդային նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի որդին, հիշեցի նրա հոր հետ կապված երևի թե ամենաարտառոց ամերիկյան պատմությունը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ուղիղ 60 տարի առաջ:

Երևի գիտեք, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում էքսկուրսիաներ են կազմակերպվում, մի անգամ ինձ էլ է բախտ վիճակվել մտնել այդ շենք: Եվ էքսկուրսավարը պատմում էր, որ ամենից հաճախ հնչող խնդրանքը սա է՝ ցույց տվեք այն տեղը, որտեղ 1960 թվականին Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանել է իր կոշիկը և դրանով հարվածել սեղանին: Պատկերացնո՞ւմ եք՝ ողջ աշխարհում ՄԱԿ-ի հետ կապված ամենահիշարժան դրվագը Խրուշչովի կոշիկի հետ է կապված:  

Ֆրանսիայի նախկին վարչապետը կնստի 2 տարի. ախր ճիշտ են ասում ֆրանսիացիները՝ «շեղշե լա ֆամ»

​Իրականում չկա տեսագրություն կամ լուսանկար, որը հավաստեր, թե իրոք սովետական առաջնորդը հանել է կոշիկը ու սկսել է  դրանով թխկացնել սեղանին:  Ինքը՝ Նիկիտա Սերգեևիչը, իր հուշերում պնդում է, թե դա տեղի է ունեցել այսպես: 60 թվականին Իսպանիայում իշխում էր բռնապետ գեներալ Ֆրանկոն։ Նրա ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ում այնքան է զայրացրել Խրուշչովին, որ նա սկսել է բռունցքներով հարվածել սեղանին: Խրուշչովը գրում է. «Հետո հիշեցի, որ մի անգամ կարդացել էի, թե ինչ էին անում դարասկզբին ռուս պատգամավորները Պետական դումայում: Հանեցի կոշիկս ու սկսեցի դխկացնել սեղանին»։

Միանգամից ասեմ՝ Խրուշչովը սխալվել է՝ իսպանացու ելույթի ժամանակ նման բան չի եղել: Դա նշված է նաև նրա հուշերի ծանոթագրություններում։ Ինքը պարզապես շփոթել է. այդ դրվագը տեղի է ունեցել Ֆիլիպինների ներկայացուցչի ելույթի ժամանակ, երբ վերջինս պնդել է, թե Սովետական Միությունը, որը հանդես է գալիս գաղութատիրության դեմ, իրականում ինքն է գաղութացրել ողջ Արևելյան Եվրոպան: Խրուշչովը իբր վրդովվել է, հանել է կոշիկը ու սկսել է դրանով հարվածել սեղանին: Բայց «Նյու Յորք թայմզի» թղթակիցը վկայում է. «Ախր այդ օրը դահլիճում բացի ինձանից ներկա են եղել տասնյակ թղթակիցներ: Ոչ ես եմ նման բան տեսել, ոչ էլ իմ գործընկերները»։ 

​Մնում է եզրակացնել, որ հիշարժան դրվագը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Հարոլդ Մաքմիլանի ելույթի ժամանակ: Պարզապես մեջբերեմ նախկին վարչապետի պատմածը. «Երբ ես սկսեցի ամբիոնից խոսել, Խրուշչովն անմիջապես փորձեց ինձ ընդհատել: Ես նրա բնավորությանը լավ ծանոթ էի, բայց այն, ինչ ինքն արեց այդ հեղինակավոր կազմակերպությունում, պարզապես ամոթալի էր: Նա բռունցքներով հարվածում էր սեղանին, հետո էլ հանեց կոշիկը և սկսեց դրանով խփել սեղանին»։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

Տարբեր վարկածներ են շրջանառվում նաև այն մասին, թե ինչպես պատահեց, որ Խրուշչովը որոշեց գործի դնել կոշիկը: Նրա թոռնուհին՝ Նինա Խրուշչովը, պնդում է, թե պապը այդ օրը նոր կոշիկներ էր հագել, որոնք սեղմում էին եւ նստելուց հանել էր դրանք: Երբ նա սկսեց բռունցքներով հարվածել սեղանին, ձեռքի ժամացույցը ընկավ հատակին, Խրուշչովը կռացավ, որպեսզի վերցնի ժամացույցը, տեսավ կողքին դրված կոշիկը, և  ծագեց այդ կոշիկն օգտագործելու միտքը:   

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

Ի դեպ՝ գոյություն ունի նաև այսպես կոչված՝ «երրորդ կոշիկի» վարկածը: Ամերիկացի մի պրոֆեսոր պնդում է, թե Խրուշչովը կոշիկը ոտքից չի հանել, նա շորի մեջ փաթաթած լրացուցիչ կոշիկ էր բերել իր հետ նիստերի դահլիճ: Ամփոփելով այս վիճահարույց պատմությունը` անկեղծ ասեմ՝ ինձ ամենից շատ դուր է գալիս ռուսաստանցի պատմաբաններից մեկի ասածն այս դրվագի կապակցությամբ. «Ախր մենք, պատմաբաններս, իսկի չենք կարողանում ստույգ պարզել, թե ինչ է տեղի ունեցել  մի քանի տասնյակ տարի առաջ ՄԱԿ-ի դահլիճում, հարյուրավոր ականատեսների աչքի առջև, երբ արդեն կար ոչ միայն լուսանկարչություն, այլև ռադիո եւ հեռուստատեսություն,  այդ դեպքում ինչ իրավունքով ենք վստահ խոսում այն մասին, թե ինչ է տեղի  ունեցել հարյուրամյակներ, նույնիսկ հազարամյակներ առաջ»։ Համաձայնեք՝ այս միտքը իրոք մտորելու առիթ է տալիս: