ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում ու վատնում կատարելու մեղադրանքով:
Քննությամբ պարզվել է, որ տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով պաշտոնը, իր ղեկավարած կազմակերպության տարբեր հաստիքներում աշխատանքի է գրանցել իր ազգականներին:
Նրանք տարիներով աշխատանքի չեն հաճախել, բայց տնօրենը գլխավոր հաշվապահին կարգադրել է ամեն ամիս սահմանված աշխատավարձի չափով գումար փոխանցել նրանց բանկային հաշվեհամարներին:
Արդյունքում, նախաքննության հաշվարկով, Երևան համայնքին պատճառվել է 6.531.934 դրամի վնաս։
Մշակութային կենտրոնի տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Օգնել է ծանոթի որդուն. ոստիկանության փորձագետի դեմ քրգործ է հարուցվել
Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ չի նշում տնօրենի ով լինելը, փոխարենը նրա ու այդ կենտրոնի մասին որոշ տվյալներ կարելի է գտնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Ըստ այդ տեղեկատվության` կենտրոնի տնօրենը Հասմիկ Բաղդասարյանն է:
Մշակութային կենտրոնը ձևավորվել է հայկական ազգագրական երգի և պարի «Մարաթուկ» համույթի հիմքի վրա:
1993 թ.-ից համույթի հիմնադիր Մգրո Սարգսյանի մահից հետո համույթի, գեղարվեստական ղեկավար է դարձել Երվանդ Թորոսյանը, իսկ 2009 թ.-ից համույթի տնօրեն է դարձել Հասմիկ Բաղդասարյանը:
2012 թ. դեկտեմբերին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը, և կենտրոնի տնօրեն է նշանակվել Հասմիկ Բաղդասարյանը, որը պաշտոնավարում է մինչ օրս:
ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է