«Չգիտեք՝ ում հետ գործ ունեք»․ Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է իրեն «պորճ» անվանողներին

Աղաջանյանը բացատրել է, թե ինչու իրեն պատկանող ակումբում ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, և ինչու է ինքն ավտոմեքենան կայանել օրենքի խախտմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ում պատասխանել է սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, որ իրեն պատկանող «Ֆերմատա» ակումբում ՀԴՄ կտրոն չեն տալիս։ Նա հայտնել է, որ ակումբը սեփականաշնորհել է 2014-ին, սակայն պատշոն ստանալուց հետո այն վերաձևակերպվել է կառավարչի անունով, և ինքը ո՛չ ֆորմալ, ո՛չ էլ փաստացի կապ չունի սրճարանի գործունեության հետ։ Սակայն նա բացատրել է՝ ինչու սրճարանում ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարություն է տարածել Ծառուկյանի մասին

«Սրճարանի վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին, այդ օրերին թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, դրանց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի` վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով», - գրել է Աղաջանյանը։

Նա նաև հերքել է այն լուրերը, որ կառավարական մեքենան կայանում է այդ ակումբի դիմաց՝ օրենքի խախտմամբ։ Ըստ Աղաջանյանի՝ տարածվող լուսանկարները հունվար-փետրվար ամիսների են արվել։

«Ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել», - գրել է Աղաջանյանը։

Նա հավելել է, որ իրեն որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալ և «պորճ» ներկայացնողներն իրեն չեն ճանաչում։

Փաշինյանի որոշմամբ նոր հանձնաժողով է ստեղծվել. Աղաջանյանը մանրամասներ է հայտնում

«Նրանք չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ «Պորճիզմի» արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները», - ավարտել է իր խոսքը Աղաջանյանը։

Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը երկար տարիներ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրան է պատկանել 2013-ին բացված «Պաստա Պրեգո» սրճարանը, որն այժմ չի գործում, ապա՝ «Բիֆոր» գիշերային ակումբը, որն էլ այժմ վերանվանվել է «Ֆերմատա»։