Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. պաշտոնյա կանանց թիվն ավելացավ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարված Արման Ուդումյանին կփոխարինի Աննա Ժամակոչյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակել Աննա Ժամակոչյանին։

Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,– նշված է որոշման մեջ:

Աննա Ժամակոչյանը ծնվել է 1981 թվականին: 1998-2004 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում: 2012-2014 թթ.-ին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, արվեստի քննադատ է: 2012-2016 թթ.-ին Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ է եղել: 2019 թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

2008 թ.-ից «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր, համանախագահ և հետազոտող է: 2018-2020 թթ.-ին եղել է «Սոցիոսկոպ» ՀԿ նախագահը: 2009-2016 թթ.-ին եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար: 2014 թ.-ից դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում: Տասնյակ հետազոտական-կրթական նախագծերի հեղինակ է: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն այսօր Facebook–ում գրել էր, որ սեփական դիմումի համաձայն` թողնում է պաշտոնը։