ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ աշխարհում միանշանակ ստեղծվելու է, բայց ամբողջ հարցն այն է, թե երբ այն կհասնի Հայաստան: Այս հարցի շուրջ այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում իր մտահոգություններն ու առաջարկները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Աշխարհում այսօր 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Դրանցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնան: Հետազոտությունների առաջին փուլերը, որոնք մի քանի հոգու վրա են անցկացվում, հետո մոտ 100, ապա տասնյակ հազարների, ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ ինքն անձամբ է բանակցություններ վարում պատվաստանյութեր արտադրողների հետ: Խոսել է հայազգի գործարար Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, նաև միջազգային կազմակերպությունների՝ Յունիսեֆի, ԱՀԿ-ի մասնագետների հետ, քանի որ այս կառույցները փորձելու են ստեղծվող պատվաստանյութերի մեծաքանակ գնումներ իրականացնել՝ դրանք տարբեր երկրների միջև հավասարաչափ բաշխելու համար:
Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 10.8 մլն–ի. Հայաստանի դիրքը բարելավվել է
«Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ: Օրինակ՝ պատվաստանյութը հասանելի լինի 2020թ-ի վերջում, կամ 2021 թ-ի սկզբում, բայց երկրների մի խմբի հասնի դրանից մեկ տարի հետո»,- նշեց Թորոսյանը:
Նման իրավիճակից խուսափելու և ուշացած երկրների շարքում չհայտնվելու համար Թորոսյանն առաջարկեց բանակցությունները սկսել արդեն այսօրվանից, քանի որ փորձարկումների երրորդ՝ վերջնական փուլն այս պահի տեղեկություններով կարող են իրականացվել աշնանը:
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում