Սուրեն Պապիկյանը Գյումրիում է. մեկնարկում են 15 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Նախարարը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ստորագրեց փողոցների շինարարության մեկնարկը տվող փաստաթուղթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի։ Facebook սոցցանցի իր էջում նախարարն ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ մեկնարկում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլը:

«Երկու չափաբաժնով կհիմնանորոգվի Գյումրու 15 փողոց»,–գրել է նախարարը:

Պապիկյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ այսօր ստորագրեց փողոցների շինարարության մեկնարկը հաստատող փաստաթուղթը։

Շինարարության մեկնարկը տրվեց հիմնարկեքի արարողությանը բնորոշ ձևաչափով` փաստաթուղթն Օզանյան փողոցում «պահ տալով»։

Այցի ընթացքում նախարարը խոսեց նաև այն փողոցների և կապալառու կազմակերպությունների մասին, որոնք նախորդ տարի ավարտել էին աշխատանքները, սակայն ընդունում-հանձնում չէր եղել վատ որակի և առկա բազմաթիվ թերությունների պատճառով:

Պապիկյանի խոսքով` կան բազմաթիվ ընկերություններ, որոնց հետ խնդիրները հարթված չեն, բայց կան նաև կապալառուներ, որոնք շտկել են թերությունները: Դրանք հիմնականում վերաբերում են սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինաշխատանքներին:

Խնդիրն, ըստ նախարարի, ուղիղ կապ ունի մի քանի մասնավոր լաբորատորիաների գործունեության հետ:

«Այսինքն` մասնավոր լաբորատորիան ստուգում է ու պատվիրատուին ներկայացնում, որ ամեն ինչ կարգին է, նա էլ պետք է հաստատի և վճարումն իրականացի: Բայց մենք ունենք նաև պետական լաբորատորիա, որի ստուգումը ցույց է տալիս, որ մասնավոր լաբորատորիայի տված արդյունքը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Բնականաբար, մենք կապալառու ընկերությանն առաջարկել ենք շտկել թերությունը: Նման քայլի գնացած կապալառուներ ունենք, և նոր եզրակացության հիման վրա կվճարվեն նրանց աշխատավարձերը, իսկ որոնք հրաժարվում են, գործերը կգնան դատախազություն, պայմանագիրը կխզվի։ Իսկ դա նշանակում է, որ նրանք կընկնեն «սև ցուցակ»»,-ասաց նախարարը։

Ի՞նչ տեսք ունի Երևանը շրջանցող մայրուղին. Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանում նորոգվել և կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ, իսկ 2020 թվականին նախատեսում են 502 կմ ճանապարհ նորոգել։

«Փողոցներով որ ման գաս, 1 փոս չես գտնի». Գյումրին է՛լ ավելի գեղեցիկ է լինելու