ՌԱԴԻՈ

Ինչպես է հնարավոր իրականացնել նախագահի ծրագիրը. Թարխանյանը` Ծիծեռնակաբերդի այգու մասին

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը`ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդում համազգային այգի հիմնելու հանրապետության նախագահի նախաձեռնությանը:
Sputnik
Ինչպես է հնարավոր իրականացնել նախագահի ծրագիրը. Թարխանյանը` Ծիծեռնակաբերդի այգու մասին

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատրաստակամ է  աջակցել Արմեն Սարգսյանի գաղափարի կյանքի կոչմանը:

ՀՀ նախագահի ծրագրով՝ Ծիծեռնակաբերդի տարածքում պետք է ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:
Նախատեսվում է մոտավորապես 1,5 միլիոն ծառ տնկել՝ ցեղասպանության զոհերի թվով. այգին կնկարագրի հայ ժողովրդի պատմական կորուստները՝ միաժամանակ այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։

«Տեսեք` քամին ինչպես է խառնում մեր պլանները». Համալիրի տարածքում հնարավոր է նոր բռնկում

Ըստ Թարխանյանի՝ այգին վերականգնելը բարդ խնդիր չէ, ցանկության հարց է. այդ տարածքում  ի սկզբանե մեկ ու կես միլիոն ծառ է տնկվել, սակայն ժամանակի ընթացքում չի պահպանվել, ծառերը չորացել են:

«Նախագահի ծրագիրը իրականացնելը բարդ խնդիր չէ, բարդը 70 հարկանի շենք կառուցելն է, կանաչ գոտին վերականգնելը բարդ չէ. այս երկու տարիների ընթացքում իշխանությունները մի քանի անգամ արդեն կարող էին վերականգնել այգին» ,-ասել է Անահիտ Թարխանյանը: Նրա գնահատմամբ՝ տարածքը վերականգնելու համար կպահանջվի 1-15 տարի:

Անահիտ Թարխանյանը Ծիծեռնակաբերդի  այգին վերականգնելու կարևոր նախապայման է համարում ոռոգման համակարգի խնդրի լուծումը: «Նախկինում արհեստական ոռոգում եղել է Եղեռնի հուշահամալիրի ամբողջ տարածքում, իսկ հետո հանվել է, և շուրջ տասը տարի չի ոռոգվել այդ հատվածը»,-ասել է Թարխանյանը:

Նրա գնահատմամբ՝ հաջորդ քայլով պետք է ուսումնասիրել և  հասկանալ, թե  ինչ ծառատեսակներ կարող են տնկել այդ հատվածում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հանդիպել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանին ու նրա հետ քննարկել Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր նախաձեռնությունը: